Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսրայելին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) իր ցավակցությունն է հայտնել Իսրայելին։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Oxu.az-ը` այս մասին հայտարարություն է տարածված Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական «Twitter»-ի միկրոբլոգում:
«Մենք խստորեն դատապարտում ենք Արևելյան Երուսաղեմում ավտոբուսի կանգառում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Ցավակցում ենք մահացածների ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում»,- ասված է գրառման մեջ:
Նշենք, որ ուրբաթ օրը ավտոբուսի կանգառում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 6-ամյա երեխա, 20-ամյա երիտասարդ, ևս 5 մարդ՝ վիրավորվել է:
Ահաբեկչությունն իրականացրած 31-ամյա Հուսեյն Կարաքային վնասազերծել են դեպքի վայր ժամանած ոստիկանները։