Կիմ Չեն Ընը հանրությանն է ներկայացել 9-ամյա դստեր հետ (լուսանկար)
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամն է ռազմական միջոցառումների ժամանակ հանրությանը ներկայանում կրտսեր դստեր հետ՝ այդ կերպ աշխարհին ակնարկելով, որ Կիմ ընտանիքի հաջորդ սերունդը ևս կղեկավարի երկիրը և կունենա միջուկային զենք՝ համոզվելու համար, որ որևէ մեկը չի կարող իրենց մարտահրավեր նետել, գրում է CNN-ը։
Պարբերականի հաղորդմամբ՝ ենթադրվում է, որ ԿԺԴՀ առաջնորդին ուղեկցող աղջնակը նրա երկրորդ զավակն է՝ Ջու Էն, ով մոտ ինը տարեկան է։ Կիմ Չեն Ընի կրտսեր դուստրն ու կինը երեքշաբթի երեկոյան հյուսիսկորեացի առաջնորդի հետ մասնակցել են Փհենյանի զինվորական զորանոցում կազմակերպված շքեղ խնջույքին, իսկ մեկ օր անց աղջնակը ներկա է գտնվել 11 միջմայրցամաքային բալիստիկ հրթիրների շքերթին։
Արևմտյան դիտորդները կարծում են, որ Կիմ Չեն Ընն ունի երեք զավակ, իսկ Ջու Էն նրանցից երկրորդն է, սակայն այս տեղեկությունը հնարավոր չէ հաստատել։ Այնուամենայնիվ, հյուսիսկորեական լրատվամիջոցները ռազմական վերջին միջոցառումները լուսաբանելիս նրան նկարագրում էին որպես Կիմի «հարգված» և «սիրելի» զավակ։