Լեհաստանը չի կարողանա միայնակ գործել Ուկրաինային մարտական ինքնաթիռներ տրամադրելու հարցում. Լեհաստանի նախագահ
Լեհաստանը չի կարողանա միայնակ գործել Ուկրաինային կործանիչներ տրամադրելու հարցում, և դրա համար անհրաժեշտ կլինի դաշնակիցների համաձայնությունը։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական AZERTAC-ը՝ նման տեսակետ է հայտնել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Փետրվարի 16-17-ին Մեծ Բրիտանիա կատարած իր ծրագրված այցից առաջ պետության ղեկավարը նշել է, որ լեհական «F-16» կործանիչների մատակարարումն Ուկրաինա շատ լուրջ որոշում է, և այդ որոշումը չի կարող հեշտությամբ կայացվել։ Քանի որ Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ է, ուստի նման որոշումը պետք է լինի դաշինքի ընդհանուր որոշումը։
Լեհաստանի զինված ուժերն ունեն այս տիպի ամերիկյան արտադրության մոտ հիսուն ինքնաթիռ, ինչը նույնիսկ բավարար չէ Լեհաստանի սեփական օդային տարածքը պաշտպանելու համար։ Մյուս կողմից՝ Ուկրաինային այդ կործանիչների տրամադրումը պահանջում է տեխնիկական վերանայում, վերապատրաստում և այլն։ Դա կապված է նաև մի շարք լոգիստիկ դժվարությունների հետ։
Նշենք, որ Լեհաստանը բազմիցս կոչ է արել ՆԱՏՕ-ի իր գործընկերներին համաձայնել տանկերի հետ միասին Ուկրաինային մարտական ինքնաթիռներ մատակարարել։ Վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին այս թեմայով ասել է, որ եթե ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերները համաձայնեն, նրա երկիրը միայն կողմ է կործանիչներ ուղարկելուն։