Հայաստանի իշխանությունը ստեղծել է մի իրավիճակ, երբ Հայաստանի գոյությունը հարցականի տակ է դրվում․ Արման Աբովյան
Քաղաքականության մեջ առաջնահերթությունը որոշվում է ոչ թե ականջահաճո խոսքերով կամ բորբոքուն կարգախոսներով, այլ իշխանության այս կամ այն ուղղությամբ կոնկրետ քայլերով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավոր Արման Աբովյանը։
«Առանց էմոցիաների ու ավելորդ նյարդայնության պետք է արձանագրել հետևյալը։
1․ Արցախը դուրս է եկել գործող իշխանության առաջնահերթություններից, և փաստացի իրականացվում է «Արցախը Հայաստանի դիմաց» հայեցակարգը (կստացվի, թե ոչ՝ այլ հարց է)։
2․ Հայաստանի իշխանությունները փաստացի «մերվել են» ոչ միայն Արցախի Հանրապետության հնարավոր կազմաքանդմանը, այլ նաև Հայաստանի տարածքի օկուպացմանը։ Այլ կերպ Հայաստանի իշխանությունների խանդավառ ցանկությունը՝ շարունակելու թուրք-ադրբեջանական օկուպացիոն իշխանությունների հետ «խաղաղության» մասին «երկխոսությունը» բացատրել հնարավոր չէ։
3․ Հայաստանի իշխանությունները կամովին իրենց ինքնիշխանության մի մասը պատվիրակեցին այսպես կոչված «արևմտյան» ազդեցության վեկտորին՝ ի վնաս ՀՀ քաղաքացիների անվտանգության և երկրի տարածքային ամբողջականության։
4․ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է Արևմուտք-Արևելք գծով գլոբալ առճակատման մեջ, որը հղի է Հայաստանի շուրջ իրավիճակի անխուսափելի սրմամբ։
5․ Չնայած թուրք-ադրբեջանական ուժերի կողմից լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքին, Հայաստանի իշխանությունները այսպես կոչված «խաղաղության դարաշրջանի» 3-րդ տարում վարում են Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային դիրքերի տոտալ թուլացման քաղաքականություն։
Փաստորեն, ստեղծվում է մի իրավիճակ, երբ Հայաստանի իշխանությունն իրականում սպասարկում է բազմավեկտոր և միմյանց հակադիր գլոբալ կենտրոնների շահերը՝ դրանով իսկ փաստացի ստեղծելով մի իրավիճակ, երբ Հայաստանի գոյությունը, թեկուզ ներկայիս սահմաններում, հարցականի տակ է դրվում»։