Միջագային ուշադրությունն Արցախում ստեղծված իրավիճակի նկատմամբ գնալով նվազում է. Աբրահամյան
Ես այսօր կրկին ուզում եմ հանրության ուշադրությունը հրավիրել Արցախում առկա իրավիճակին, որովհետև 2 ամսից ավելի է, ինչ Արցախը շարունակվում է մնալ շրջափակված: Ցավալիորեն պետք է արձանագրել, որ ավելացող խնդիրներին զուգահեռ, միջագային և անհրաժեշտ ուշադրությունն Արցախում ստեղծված իրավիճակի նկատմամբ գնալով նվազում է: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Աբրահամյանն այն կարծիքին է, որ միջազգային հանրությունը և հատկապես ռեգիոնալային խաղացողները, որոնք մշտապես Հարավային Կովկասում ունեցել են ազդեցություն, ունեին լուրջ հնարավորություն Ադրբեջանի վրա ազդելու և իրավիճակը որոշակի հանգուցալուծման տանելու համար:
«Արցախում գազամատակարարման, էլէներգիայի ճգնաժամը շարունակվում է: Բավականին մեծ խնդիրներ կան այսօր՝ սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների, դեղորայքի: Ինչպես նաև երկար ժամանակ է՝ հետաձգված են պլանային վիրահատությունները և նույնիսկ Կարմիր խաչի միջոցով Արցախից հիվանդների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, բավարար չէ՝ առողջապահական իրավիճակը կայունացնելու տեսանկյունից: Այն իրավիճակը, որն այսօր առկա է Արցախում, բավականին ծանր է, և չնայած շատերին թվում է՝ մարդիկ ադապտացվում են ստեղծված իրավիճակին, որոշակի խնդիրներ իրավիճակից բխող՝ գործողությունների միջոցով կարգավորվում են, ես ուզում եմ միանշանակ ասել, որ դա այդպես չէ»,- նշեց Աբրահամյանը և հավելեց, որ Արցախում գտնվող մեր հայրենակիցները բավականին ծանր և բարդ շրջան են ապրում: Եվ ցավալիորեն նրանք այս իրավիճակում այսօր միայնակ են: