Ակնհայտորեն կա «պերեբոռ». Աբրահամյանը՝ Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելու և զորակցություն հայտնելու մասին
Եթե Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը՝ հայտարարությունների, հումանիտար բեռի, և որքան ինձ համար զարմանալի է զորակցության առումով, փորձ է արվում տեղավորել հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, ապա ակնհայտ է, որ այստեղ կա «պերեբոռ» (ներողություն արտահայտությանս համար): Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո՝ դրան հետևած ադրբեջանական հարձակումների տրամաբանության ներքո, Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը, բնականաբար, տրամաբանության մեջ չի տեղավորվում:
«Ես կհասկանայի Հայաստանի այդ պահի իշխանությանը, որը որևէ չոր տեքստով ցավակցություն կփոխանցեր, բայց եթե հետևում եք ընդհանուր նամակագրությանն ու հայտարարություններին, ապա Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով նույնիսկ զորակցություն են հայտնում Թուրքիային, արդեն մի քանի անգամ է՝ հումանիտար բեռներ են տեղափոխում: Նույնիսկ եթե ուշադրություն դարձնեք, գրեթե նույն թվով փրկարարներ ներգրավված են և՛ մեր մշտական բարեկամ Սիրիայում, և՛ Թուրքիայում: Ակնհայտորեն Թուրքիայի վարքագիծը, Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ իրականացված քաղաքականությունը և Հայաստանի՝ այս իրավիճակում քայլերը, բնականաբար, համահունչ չեն»,- նշեց Աբրահամյանը:
Աբրահամյանը չի կարծում, որ հայ-թուրքական հարաբերությունների ճիշտ դիրքավորման համար Հայաստանի ուղարկած հումանիտար բեռը կամ զորակցությունն այստեղ կարևոր պետք է լինեն: Իսկ ինչ կապված է Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերին և տեքստերին, ապա դրա հետ կապված նշեց, որ Թուրքիայի պահվածքն ու վարքագիծը՝ Հայաստանի և Արցախի նկատմամբ, ու ապա Հայաստանի գործողություններն ու հայտարարությունները, համահունչ չեն: