ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն» զորավարժությունները Հայաստանի փոխարեն կհյուրընկալի Ղրղզստանը
«Անխորտակելի եղբայրություն» զորավարժությունը, որը Հայաստանը հրաժարվեց անցկացնել, կանցկացվի Ղրղզստանում: Այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միասնական շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։ Այս մասին գրում է Kommersant-ը:
«Ղրղզստանի Հանրապետության տարածքում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխորտակելի եղբայրություն» համատեղ զորավարժություն անցկացնել, որի ընթացքում կաշխատվեն ճգնաժամային գոտում հետկոնֆլիկտային կարգավորման և խաղաղապահ գործողության անցկացման խնդիրները»,- նրա խոսքը մեջբերում է TACC-ը:
Զորավարժությունների ժամկետները, սակայն նշված չեն:
Հունվարի 10-ին Հայաստանը ՀԱՊԿ-ին տեղեկացրել էր երկրում «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացման «ոչ նպատակահարմար» լինելու մասին։ Կրեմլն իր հերթին վստահեցրել էր, որ Երևանը մնում է Մոսկվայի «շատ մերձավոր դաշնակիցը»։ ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ զորավարժությունները ընդունելուց Հայաստանի հրաժարումը որոշակի դժվարություններ է ստեղծում կազմակերպության անդամ երկրների համար։