Կիմ Չեն Ընի դստեր անունը կրող կանանց կոչ են արել անվան այլ տարբերակ ընտրել ու փոխել այն
Հյուսիսային Կորեայի իշխանությունները Կիմ Չեն Ընի դստեր անունը կրող բոլոր կանանց ստիպում են փոխել այն, գրում է Radio Free Asia-ն։
Հաղորդվում է, որ ԿԺԴՀ-ի կառավարությունը կոչ է արել Ջու Է անունով բոլոր կանանց անվան նոր տարբերակ ընտրել հյուսիսկորեացի առաջնորդի 10-ամյա դստեր հետ չմտազուգորդվելու համար։
Ինչպես հայտնել է աղբյուրը, սա ներքին կարգադրություն է։ Նշվում է, որ Կիմ Չեն Ընի դստեր անունը գովազդվում է որպես ազնվական և բարձրագույն արժանապատվության տեր անձանց անուն։
Լրատվամիջոցների տվյալներով՝ կանանց ընդամենը մեկ շաբաթ ժամանակ են տվել այդ խնդիրը լուծելու համար։ Այս նախաձեռնությունը քննադատության ալիք է բարձրացրել հյուսիսկորեացիների շրջանում։ Բացի այդ, նման միջոցներ ձեռնարկվել էին նաև շուրջ 10 տարի առաջ, երբ Չեն Ըն անունը կրող տղամարդկանց ստիպում էին այլ անուն ընտրել ու փոխել այն։
Հիշեցնենք, որ Ջու Էն, ենթադրաբար, Կիմ Չեն Ընի երկրորդ դուստրն է։ Հյուսիսկորեացի առաջնորդի կրտսեր դուստրն առաջին անգամ հոր հետ հանրությանն է ներկայացել 2022 թվականի նոյեմբերին։ Փորձագետների կարծիքով՝ դա կարող է նշանակել, որ քաղաքական գործիչը հենց նրա մեջ է տեսնում իր իրավահաջորդին ու արդեն իսկ նախապատրաստում է դստերը առաջիկայում իշխանությունը ստանձնելուն։