Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը
Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները պայմանավորվել են համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Այսօր քննարկել ենք այս գործընթացին վերաբերող որոշակի դետալներ։ Ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»,- հայտարարեց Միրզոյանը։
Նա հավելեց, որ ևս մեկ անգամ ցանկանում է վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և մասնավորապես Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում ՀՀ պատրաստակամությունն ու ձգտումը։