Ժամեր անց Հայաստանից օգնության հերթական խմբաքանակը կհասնի Թուրքիա. Միրզոյանն ուրախ է, որ կյանքեր են փրկվել
Հավատացած եմ, որ միջազգային հանրությունը մոլորակի որևէ կետում տեղի ունեցող որևէ հումանիտար ճգնաժամի պարագայում չպետք է անտարբեր մնա։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«ՀՀ կառավարությունն աղետալի երկրաշարժից անմիջապես հետո որոշում կայացրեց Թուրքիա ուղարկել փրկարարներ և հումանիտար օգնություն։ Ուրախ եմ, որ մեր փրկարարներին, իրենց գործընկերների հետ համագործակցությամբ, հաջողվել է փրկել մարդկային կյանքեր»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Նա խորհրդանշական է համարել այն, որ շաբաթ օրը շուրջ 30 տարի փակի տակ գտնվող հայ-թուրքական սահմանը բացվել է՝ Ադըյաման ուղևորվող հումանիտար օգնությամբ բարձված հայկական բեռնատարների համար։
«Նույնը տեղի ունեցավ երեկ երեկոյան։ Ժամեր անց հումանիտար օգնության հերթական խմբաքանակը կհասնի Ադըյաման»,- ասաց Միրզոյանը։