Կոռուպցիայի մակարդակը մեր երկրում աճել է. կոռուպցիան խեղդում է մրցակցությունը. Թաթուլ Մանասերյան
Հայաստանում կոռուպցիայի աճող մակարդակը խանգարում է 2022 թվականի արդյունքներով ֆինանսական բարձր ցուցանիշները լիարժեք օգտագործել տնտեսության բոլոր ոլորտների զարգացման համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
«Կոռուպցիայի մակարդակը մեր երկրում աճել է։ Տնտեսության բոլոր ճյուղերի համարժեք զարգացումն առաջին հերթին ենթադրում է մրցակցության առկայություն։ Սակայն կոռուպցիան խեղդում է մրցակցությունը»,-նկատել է փորձագետը։
Մանասերյանի խոսքով` մեր երկրում ամենուր նկատվում է մի պատկեր, երբ ազդեցիկ պաշտոնյաների հարազատներն ու մտերիմները ղեկավար են նշանակվում այն ոլորտներում, որոնցից բացարձակ չեն հասկանում։ Նա նշել է, որ 2022 թվականի 14.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշն այնքան էլ ճշգրիտ չի արտացոլում երկրի տնտեսության վիճակը։
«Ինչպե՞ս կարելի էր այդքան ցածր արտադրողականություն թույլ տալ: ՄԱԿ-ի կայքում կա տեղեկատվություն` հիմնված Հայաստանի կառավարության զեկույցի վրա, որում ասվում է, որ գյուղատնտեսությունը հանրապետությունում թվայնացված է: Եթե այդպես է, ուրեմն ես չինարենի լավագույն մասնագետն եմ աշխարհում»,-ասաց տնտեսագետը։