Ռուսաստանը Հայաստանի համար ամենահեռանկարային վեկտորն է. Արամ Սաֆարյան
Մամուլի ասուլիսի ժամանակ «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը` ներկայացնելով Եվրասիական փորձագիտական ակումբի «Հայաստանի տնտեսությունը ԵԱՏՄ անդամակցության համատեքստում» տնտեսական հետազոտության արդյունքները ասաց, 2022 թվականին ԵԱՏՄ-ին բաժին է ընկել Հայաստանից արտահանման 47%-ը և դեպի երկիր ներմուծման 31%-ը։
Նրա խոսքով՝ սրընթաց աճում է ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ, որը Հայաստանի ոչ միայն ռազմավարական դաշնակիցն է, այլև կարևորագույն առևտրատնտեսական գործընկերը:
«Ռուսաստանը Հայաստանի համար ամենահեռանկարային վեկտորն է»,- ասաց Սաֆարյանը։
Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 2.9 անգամ։ Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն անցյալ տարվա հունվար-նոյեմբերին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 77%-ով և գերազանցել 4.1 մլրդ դոլարը: Հայաստանում ռուսական ներդրումների ծավալը կազմում է շուրջ 2 մլրդ դոլար:
Ըստ Սաֆարյանի` 2023 թվականի երկրորդ կիսամյակում տնտեսական աճի տեմպերը կարող են փոքր-ինչ նվազել, սակայն Հայաստանը կարող է ցուցանիշները հասցնել 5-7%–ի։