Բայրամովը ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի դեսպանի հետ քննարկել է Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի դեսպան Քրիստինա Յոհաննեսոնը հանդիպել են: Քննարկվել է Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին ադրբեջանական Oxu.az-ին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արևելյան գործընկերության ներկա իրավիճակը, հատկապես էներգետիկ անվտանգությունը և այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների զարգացումը, Ադրբեջանի և Եվրամիության միջև մի շարք ուղղություններով համագործակցության հարցեր, տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Բացի այդ, հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել Եվրոպական միության խորհրդում նախագահության ընթացքում Շվեդիայի առաջնահերթություններին և այս համատեքստում ինչպես Շվեդիայի հետ, այնպես էլ Եվրամիության և Ադրբեջանի միջև համագործակցության հարցերին։
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ շահագրգռված է զարգացնել համագործակցությունը Եվրամիության հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում՝ հավասար գործընկերության և փոխադարձ հարգանքի հիման վրա։
Միաժամանակ նախարարը մյուս կողմին տեղեկացրել է Ադրբեջանի խաղաղ օրակարգի, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակի և այս համատեքստում Ադրբեջանի պահանջների և անվտանգության շահերի մասին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև երկկողմ և տարածաշրջանային արդի այլ հարցերի շուրջ։