Հադրութի դպրոցում սպաների և զինծառայողների միջև վեճ է եղել, զինվորները զենք են պահանջել. Վահանյանի գործով վկա (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային և կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով դատական նիստին հարցաքննվեց գործով վկա, շարքային զինծառայող Մոնթե Պողոսյանը:
Նա դատարանում պատմեց, որ Խուռհատ սարում տեղի ունեցած մարտից մեկ ժամ անց վիրավորում է ստացել գլխի շրջանում:
«Փամփուշտ քերծել էր ճակատային մասը, արյունահոսում էի, աչքերիս դեմը չէի տեսնում, ականջներս էլ էր խլացել: Պառկել եմ սարի վրա, այդ ժամանակ գիտակցության եկա: Մոտ 3 Ուրալ է եղել, հիմնականում վիրավոր զինվորներին էին տեղափոխում, ես երկրորդ Ուրալում եմ եղել»,- պատմեց նա:
Դատավորի հարցին՝ երբ Խնձորեսկի հոսպիտալում տեսել է Իշխան Վահանյանին, արդյո՞ք ճանաչել է, խոսե՞լ են իրար հետ, վկան ասաց, որ ճանաչել է, սակայն չի խոսել: Վկան պատմեց, որ Վահանյանն իր կողքին պառկել է 2 օր, ապա տեղափոխվել:
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից մեկի հայրը վկային հարց ուղղեց՝ արդյո՞ք եղել է դեպք, որ Հադրութում սպաների և զինծառայողների միջև վիճաբանություն տեղի ունենա:
Ծնողի հարցին՝ սպաներն ասե՞լ են, թե նորակոչիկներին տանում են ապահով վայր, վկան ասաց՝ այո: Հարցին՝ Իշխան Վահանյանի նկատմամբ եղե՞լ է անվստահություն, վկան ասաց. «Եղել է, որովհետև մտածում էինք, որ մեզ առանց ասելու ինչ-որ տեղ են տանում»:
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Իշխան Վահանյանը 2020թ. հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով որպես ՊԲ համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, կոչումով մայոր, ծառայողական դիրքով և կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ռազմական դրության պայմաններում 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու և սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսևորել է անգործություն՝ չի կատարել իր վրա դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Մանրամասները՝ տեսանյութում: