Ռուբեն Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունը հրավիրել է Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին
Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամները փետրվարի 17-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ:
Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանն արժևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը և կառույցի աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալն ընդգծել է ՀՀ-ԵԽ փոխգործակցության բարձր մակարդակը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներ: Հայ խորհրդարանականները հյուրի ուշադրությունը հրավիրել են ավելի քան երկու ամիս Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների Գործողությունների ծրագրին:
Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակելու մի շարք ուղղություններով արդյունավետ համագործակցությունը: