Ադրբեջանի ապօրինի գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը. ԱԳ փոխնախարար
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին (Ֆինլանդիա) եւ Բորիանա Աբերգին (Շվեդիա)։
Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ-ն, փոխնախարարը ողջունել է համազեկուցողների փաստահավաք այցելությունը՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը եւ օբյեկտիվ գնահատմանը։
Պարույր Հովհաննիսյանը զրուցակիցներին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում ստեղծված իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման պարբերական խափանման փաստը՝ շեշտելով, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջեւ։
Անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը եւ հայ ռազմագերիների հետ կապված խնդիրներին։ Նա նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության ապօրինի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը եւ առավելապաշտական կեցվածքը լրջորեն խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հասնելու ջանքերը: