Եթե ոստիկանությունը մինչև առավոտ չպատասխանի, գործադուլ կանենք․ Վարդենիսի տուն-ինտերնատի աշխատակիցները ակցիա են արել (լուսանկար)
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի» տասնյակ աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել Վարդենիսի Ոստիկանական բաժանմունքի դիմաց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուն-ինտերնատի իրավաբան Ստեփան Դավթյանը։
Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել են ինտերնատի տնօրենը, հոգեբույժը, բաժանմունքներից մեկի հերթապահ խնամող-սանիտարն ու հերթապահ բուժքույրը՝ մի շարք չարաշահումների համար։
Դավթյանը նշեց, որ ինտերնատի աշխատակիցներն իրենց կազմակերպած ստորագրահավաք են հանձնել ոստիկաններին և պահանջել հիմնավոր բացատրություններ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ։
«Մենք կարծում ենք, որ ձերբակալումները և մեղադրանքներն ապօրինի են։ Կան մի շարք հակասություններ։ Մենք փաստական փաստական տվյալներ ենք պահանջել։ Մեզ հետ զրուցեց Վարդենիսի Ներքին գործերի բաժնի պետի հետը, ըստ էության, հստակ պատասխաններ չտրվեցին, բայց մենք ասացինք՝ եթե մինչեւ վաղն առավոտյան ժամը 10-ը չստանանք մեր հարցերի պատասխանները, ամբողջ կազմով գործադուլ կանենք»,- նշեց նա։
Աշխատակցի խոսքով՝ ստեղծված պայմանները կարող են հանգեցնել հիմնարկի լուծարմանը։
«Երևի թե մեզ ուզում են լուծարման հացնել։ Ձերբակալված մեր միակ հոգեբույժն է, որի ցուցումով են դեղ ստանում հիմնարկի 450 բուժառուները, այպես երկար շարունակվել չի կարող։ Կարծես պատվեր լինի, ամեն ինչ նախօրոք կազմակերպած»,- ընդգծեց Ստեփան Դավթյանը։