Հայաստանն ու Ադրբեջանը կայուն խաղաղություն ապահովելու պատմական հնարավորություն ունեն․ Բլինքեն
Մենք կարծում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կայուն խաղաղություն ապահովելու իսկապես պատմական հնարավորություն ունեն ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից առաջ։
Հանդիպումը կայացել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։ ԱՄՆ պետքարտուղարի ելույթի տեքստը հրապարակված է Պետդեպարտամենտի կայքում։
«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը իսկապես պատմական հնարավորություն ունեն հաստատելու կայուն խաղաղություն ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո: Կողմերը կրկին կենտրոնացել են խաղաղ գործընթացի վրա, այդ թվում՝ ուղիղ բանակցությունների միջոցով, ինչպես նաև ԵՄ-ի և մեզ հետ: Միացյալ Նահանգները պատրաստ է անել ամեն ինչ՝ աջակցելու այս ջանքերին՝ լինի դա ուղղակիորեն մեր ընկերների հետ, լինի դա նման եռակողմ ձևաչափով, թե միջազգային այլ գործընկերների հետ»,- ասել է Բլինքենը:
Նա չի հստակեցրել, թե միջազգային որ գործընկերների մասին է խոսքը։