Բախմուտն առանձնապես մեծ քաղաք չէ, մեզ համար կարևոր է այն պաշտպանել, բայց ոչ ամեն գնով, որ բոլորը զոհվեն․ Զելենսկի
Ուկրաինայի համար կարևոր է պաշտպանել Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքը, որի համար կատաղի մարտերը շարունակվում են, բայց երկիրը կպայքարի ճակատի այս հատվածում այնքան ժամանակ, քանի դեռ դա ողջամիտ է։ Այս մասին իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Դա առանձնապես մեծ քաղաք չէ: Ինչպես և շատ քաղաքներ Դոնբասում ռուսների կողմից ավերված: Մեզ համար կարևոր է այն պաշտպանել, բայց ոչ ամեն գնով, որ բոլորը զոհվեն։ Պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ դա ողջամիտ է։ Մենք դիմադրում ենք, իսկ մինչ այդ պատրաստվում ենք հաջորդ հակահարձակմանը»,- ասել է Զելենսկին՝ ի պատասխան հարցի, թե արժե՞ արդյոք մարդկանց զոհել Բախմուտը պաշտպանելու համար։
Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ «Բախմուտի գրավումից հետո ռուսական զորքերը կցանկանան շարունակել հարձակումը Կրամատորսկի և Սլավյանսկի ուղղությամբ՝ մինչև Դոնբասի սահմանները և Դնեպրը, եթե կարողանան»։
Լրագրողները նաև Զելենսկիին հարցրել են, թե արդյոք Ուկրաինան կարող է դիմանալ, եթե հակամարտությունը երկարաձգվի: Ի պատասխան նա ասել է, որ Կիևը պատրաստվում է կարճատև պատերազմի և սեփական հաղթանակի։
«Որքան արագ այն լինի, այնքան քիչ զոհեր կունենանք։ 2014 թվականին հակամարտությունը սառեց, և դա մեզ օգուտ չտվեց։ Մինսկի պայմանավորվածությունները Պուտինին ժամանակ տվեցին պատրաստվելու անցյալ տարվա անակնկալ հարձակմանը, մենք նորից նույն ծուղակը չենք ընկնի։ Մեր զինվորներն ավելի են մոտիվացված, որովհետև իրենք պաշտպանում են իրենց ընտանիքներն ու տները»,- ասել է Ուկրաինայի նախագահը։