Ցավալի էր, որ մեր երկրի, պետության, ժողովրդի հասցեին ինչ ասես ասվում էր և ըստ էության պատասխան չէր տրվում. Սուրեն Սարգսյան
Փաշինյանի մյունխենյան հանդիպման հետ կապված որևէ բան չկա գնահատելու, որովհետև առանձնապես մեզ համար լուրջ ձեռքբերում չէր կարող լինել, ինքս էլ ակնկալիքներ չունեի: Ուստի այս պարագայում որևէ գնահատական տալն անիմասն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ խոսելով Մյունխենում կայացած Փաշինյանի հանդիպումների մասին:
Սարգսյանի խոսքով՝ ցավալի էր, որ մեր երկրի, պետության, ժողովրդի հասցեին ինչ ասես ասվում էր և ըստ էության պատասխան չէր տրվում: Սա, մասնագետի կարծիքով, ամենամեծ խնդիրն էր, որը մենք կարող ենք արձանագրել՝ հաշվի առնելով հանդիպման էությունը:
Հարցին, թե ինչ վտանգներ է իր մեջ պարունակում այդ հանդիպումը, միջազգայնագետը նշեց, որ վտանգներ միշտ էլ կան:
«Մշտապես Ադրբեջանի կողմից կա սպառնալիք, ուժի կիրառման ձևով, պատերազմ սկսելու ձևով: Այսինքն՝ որևէ բան չի փոխվել, ամեն ինչ մնացել է նույնը: Ես կարծում եմ, որ Ադրբեջանը շարունակելու է Հայաստանից կորզել մաքսիմալը, հաշվի առնելով մեր անպատրաստ լինելը, իշխանությունների ոչ կոմպետենտությունը՝ ռազմական և դիվանգիտական և այլ դաշտերում»,- նշեց Սուրեն Սարգսյանը: