Ռուսաստանն իրավունք ունի պաշտպանվելու բոլոր տեսակի զենքերով, այդ թվում՝ միջուկային. Դմիտրի Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն ցանկանա Ռուսաստանի պարտությունը, ապա աշխարհը կհայտնվի գլոբալ հակամարտության եզրին, և որ այս դեպքում, Ռուսաստանն իրավունք ունի պաշտպանվելու բոլոր տեսակի զենքերով, այդ թվում՝ միջուկային: Այս մասին տեղեկացնում է թուրքական Akşam-ը՝ հղում տալով Մեդվեդևի՝ Telegram-յան ալիքում արված հայտարարությանը:
Մեդվեդևը գնահատել է Ռուսաստանի մասնակցության կասեցումը ԱՄՆ-ի հետ ռազմավարական սպառազինությունների կրճատման նոր պայմանագրին (START), որի նպատակն է զսպել միջմայրցամաքային միջուկային բալիստիկ հրթիռների հնարավորությունները։
Ընդգծելով, որ ԱՄՆ-ն «ամեն տեսակ չարիք» է արել Ռուսաստանի դեմ, զգալի քանակությամբ զենք է մատակարարել Ուկրաինային և փորձել հաղթել Ռուսաստանին, Մեդվեդևն ասել է. «Ռազմավարական անվտանգությունը առանձին խնդիր է, այն կապ չունի ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների ընդհանուր համատեքստի հետ»:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի վարչակազմի մոտեցումը մեծ սխալ էր. «Այս սխալը բխում է գերազանցության և անձեռնմխելիության ընկալումից: Բոլոր ողջամիտ ուժերը գիտակցում են, որ աշխարհը գտնվում է գլոբալ հակամարտության եզրին: Եթե ԱՄՆ-ն ցանկանում է հաղթել Ռուսաստանին, մենք իրավունք ունենք պաշտպանվելու ցանկացած զենքով, այդ թվում՝ միջուկային»:
Նշելով, որ Ռուսաստանը որոշել է դադարեցնել իր մասնակցությունը «Նոր ՍՏԱՐՏ»-ին՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ երկրների քայլերի պատճառով, Մեդվեդևն ասել է. «Սա ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ երկրների կողմից մեր երկրի դեմ հայտարարված պատերազմով պայմանավորված որոշում է, որը մեծ արձագանք կունենա աշխարհում և մասնավորապես ԱՄՆ-ում»։
Մեդվեդևը հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն մեկնաբանությունը, որ «ռազմի դաշտում հնարավոր չէ հաղթել Ռուսաստանին»:
«Հենց սա է պատճառը, որ մենք առայժմ դադարեցրել ենք «New START»-ը: Թող ԱՄՆ-ում իրականությունից կտրված էլիտաները մտածեն, թե ինչ են հաջողել: Դիտենք նաև ՆԱՏՕ-ի, Ֆրանսիայի և Բրիտանիայի մյուս միջուկային տերությունների արձագանքները։ Նրանց ռազմավարական միջուկային ուժերը ներառված չեն եղել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համաձայնագրերի նախապատրաստման մեջ, հիմա եկել է դրանք ներառելու ժամանակը»,-հավելել է նա: