Մենք գտնվում ենք ինձ սպանելու հատուկ գործողության վերջին փուլում եւ դրան մասնակցում են բոլորը․ Սաակաշվիլի
«Վիվամեդ» կլինիկայի բժիշկների ասուլիսում միակ ճշմարտությունն այն էր, որ իմ վիճակը ծանր է և սրընթաց վատանում է: Կլինիկան գործնականում ոչինչ չի կարող անել։ Մնացած ամեն ինչ սուտ էր: Ինչպես հաղորդում է Ntgazeti.ge-ն՝ այսպես է արձագանքել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Վիվամեդ» կլինիկայի ներկայացուցիչների ճեպազրույցին։
«Այս կլինիկան հրաժարվեց բուժել իմ հիմնական հիվանդությունները։ Մասնավորապես՝ ծանր մետաղներով թունավորումներ, անորեքսիա և կախեքսիա։ Ոչ ոք այնքան կյանքով լի չէ, որքան ես: Ես ուզում եմ ականատես լինել Ուկրաինայի հաղթանակին, որը մոտ է, և տեսնել բոլոր պուտինիստների վախճանը:
Ուզում եմ դիմել օլիգարխի շներին: Ես Վրաստանից նույնիսկ մեկ թեթրի (մեկ կոպեկ-խմբ.) չեմ հանել։ Եթե ես ինչ-որ տեղ այդքան գումար ունենայի, վերջին հողամասը չէի վաճառի փաստաբանների ծախսերը հոգալու համար։
Ճշմարտությունն այն է, որ այս ամենը տեղավորվում է Մարիա Զախարովայի հայտարարության համատեքստում։ Մենք իմ սպանության հատուկ գործողության վերջին փուլում ենք, և դրան մասնակցում են բոլորը՝ «խորհրդարանականները», «լրագրողները», հիմա էլ՝ կլինիկան։ Ես կոչ եմ անում Վրաստանին և ամբողջ աշխարհին թույլ չտալ այս հանցավոր կորպորացիային իրականացնել իր չար մտադրությունները»,- ասել է նախկին նախագահը։