Ուկրաինա-Չինաստան հանդիպումը «ցանկալի կլիներ». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի ասել է, որ չի տեսել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու չինական որևէ ծրագիր, սակայն «ցանկալի կլիներ», որ Չինաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները հանդիպեին: Այս մասին տեղեկացնում է հրեական The Jerusalem Post-ը։
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման առաջին տարելիցի նախօրեին նա ասել է, որ Կիևն արդեն հայտնել է նման հանդիպման ցանկության մասին։
«Մենք կցանկանայինք հանդիպել Չինաստանի հետ: Սա այսօր բխում է Ուկրաինայի շահերից»,- ասել է նա՝ Կիևում այցով գտնվող Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ ճեպազրույցի ժամանակ։
Չինաստանի բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ Պեկինը կներկայացնի իր դիրքորոշումն ուկրաինական հակամարտությունը քաղաքական միջոցներով կարգավորելու վերաբերյալ փաստաթղթում, որը կհղվի ՄԱԿ-ի հիմնադիր կանոնադրության սկզբունքներին և հաշվի կառնի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անվտանգության խնդիրները:
Սպասվում է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը փետրվարի 24-ին Մոսկվայի ներխուժման տարելիցի կապակցությամբ «խաղաղության ելույթ» կունենա:
Զելենսկին նշել է, որ ուկրաինացի դիվանագետների միջոցով լսել է միայն «ընդհանուր բաներ» Չինաստանի առաջարկների մասին, սակայն հուսադրող է, որ Չինաստանը քննարկում է խաղաղության միջնորդությունը: