Ո՞ր ոլորտում է ՀԲ-ն աջակցում Ադրբեջանին՝ բարեփոխումներ իրականացնելու հարցում
Ադրբեջանի առողջապահության նախարարությունում հանդիպում է կայացել Ադրբեջանում գործուղման մեջ գտնվող Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մարդկային զարգացման գծով տարածաշրջանային տնօրեն տիկին Ֆադիա Սաադահի հետ։ Ադրբեջանակն AZERTAC-ը, հղում անելով Առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը, հայտնում է, որ Առողջապահության նախարար Թեյմուր Մուսաևն ընդգծել է, որ Ադրբեջանը միշտ կարևորել է Համաշխարհային բանկի հետ հարաբերություններն ու համագործակցությունը:
«Առողջապահության համակարգի կատարելագործումը, հատկապես դրա թվայնացումը և մարդկային կապիտալի զարգացումը մեր երկրի համար առաջնահերթ խնդիր է։ Հաշվի առնելով դա՝ Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում առանձնահատուկ նշանակություն ունի մեր երկրում առաջադեմ միջազգային պրակտիկայի կիրառման տեսանկյունից»,-նշել է նա և հավելել, որ վերջին շրջանում Համաշխարհային բանկի առաքելությունների հետ Առողջապահության նախարարության հերթական հանդիպումները խթան են հաղորդում համագործակցության զարգացմանը։
Ֆադիա Սաադահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հյուրընկալության համար, ընդգծել է իր ներկայացրած միջազգային կազմակերպության արդյունավետ համագործակցությունը Ադրբեջանի հետ և ասել, որ Ադրբեջանի առողջապահական համակարգում իրականացվող բարեփոխումներին ցույց է տրվում աջակցություն։ Նրա խոսքով՝ Ադրբեջան գործարար այցի նպատակն է քննարկել Համաշխարհային բանկի կողմից Ադրբեջանի կառավարությանը «2022-2026 թվականներին Ադրբեջանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարության» իրականացման հնարավոր աջակցությունը՝ կապված մարդկային կապիտալի զարգացման հետ։
Հանդիպմանը քննարկվել են համագործակցության ներկա վիճակը և հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև համատեղ նոր նախագծերի իրականացումը։