Քննարկվել են ՀՀ կառավարության և ՀԲ-ի միջև կայուն զարգացմանն ուղղված համագործակցության հարցեր
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի ներկայացուցիչների հետ: Բանկի պատվիրակությունը գլխավորել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբան, ներկա են գտնվել ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը և ՀԲ ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև կայուն զարգացմանն ուղղված համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի ընթացիկ ծրագրերին և նախաձեռնություններին՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների և տեղական տնտեսության զարգացման, Կանաչ և դիմակայուն տնտեսության խթանման, կոշտ թափոնների կառավարման և մի շարք այլ ուղղություններով: