Ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի հետևանքով անհետ կորած զինծառայող չկա. ՔԿ-ն հերքում է
Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրդեհի հետևանքով զինծառայողի՝ անհետանալու մասին տեղեկությունն իրականությանը բացարձակապես չի համապատասխանում: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից՝ հերքելով այդ տեղեկությունը:
Նշենք, որ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Ազատ գյուղում տեղակայված վաշտի կացարանի ողբերգական հրդեից հետո զինվոր է անհետացել, որին փնտրել են ՀՀ ԱԱԾ-ն և ԶՈՒ հակահետախուզությունը։
«Կրակը հանգցնելուց անմիջապես հետո ԱԱԾ պահանջով արգելվել է կացարան մտնել, անգամ ոստիկանններին արգելել են խոսել ներկաների և վկաների հետ, հրշեջներին, ԱԻՆ-ի աշխատողներին թույլ չեն տվել մտնել ներս և որևէ բանի դիպչել։ ԱԱԾ-ն ու հակահետախուզությունը զինվոր են փնտրել, ո՞վ է եղել այդ զինվորը, գտա՞ն այդ զինվորին, չգտա՞ն, սպանվա՞ծ է, թե՞ կենդանի, գերի՞ է, ոչ ոք ինֆորմացիա չունի, թաքցվում է այդ ինֆորմացիան,- հայտարարել էր Վոլոդյա Հովհաննիսյանը:
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց վարույթն իրականացնող մարմնի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք որևէ զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է: ՔԿ-ից հերքեցին տեղեկությունը՝ նշելով, որ այն բացարձակապես իրականությանը չի համապատասխանում:
Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։