Կիևը և Մոսկվան ողջունում են Չինաստանի միջամտությունը խաղաղ գործընթացին
Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասում է, որ խաղաղության համար չինական հայտարարության որոշ կետեր «հասկանալի են», մինչդեռ Կրեմլը ավելացնում է, որ Պեկինի ներգրավվածությունը գնահատված է: Այս մասին տեղեկացնում է բրիտանական Guardian-ը:
Կիևը և Մոսկվան ողջունում են Չինաստանի միջամտությունը խաղաղ գործընթացին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասում է, որ Մոսկվան բարձր է գնահատում Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու Չինաստանի ծրագիրը և հայտարարել է, որ պատրաստ է հասնելու իր «հատուկ ռազմական գործողության» նպատակներին քաղաքական և դիվանագիտական միջոցներով։
«Մենք բարձր ենք գնահատում մեր չինացի ընկերների անկեղծ ցանկությունը՝ նպաստելու Ուկրաինայի հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը... Մենք կիսում ենք Պեկինի տեսակետները։ Այնուամենայնիվ, դա նաև կնշանակի Ուկրաինայում «նոր տարածքային իրողությունների» ճանաչում»,-ասել է Զախարովան՝ նկատի ունենալով Ռուսաստանի կողմից ուկրաինական չորս շրջանների՝ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժժիայի, ինչպես նաև Ղրիմի միակողմանի բռնակցումը։
Նրա խոսքերը հնչեցին այն ժամանակ, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասաց, որ Չինաստանի առաջարկներում կան կետեր, որոնք հասկանալի են», և «կան այնպիսիք, որոնք մենք չենք հասկանում»:
«Բայց դա ինչ-որ բան է», - ավելացրեց նա ռուսական ներխուժման առաջին տարելիցին նվիրված մամուլի ասուլիսում:
Զելենսկին այս մասին խոսելով նշել է. «Չինաստանը ցույց տվեց իր մտքերը: Ես կարծում եմ, որ այն, որ Չինաստանը սկսեց խոսել Ուկրաինայի մասին, վատ չէ։ Բայց հարցն այն է, թե ինչ է հաջորդում խոսքերին։ Հարցը քայլերի մեջ է, թե ուր են տանելու դրանք»: