Միջանցքի բացումն ինքնանպատակ չպետք է լինի․ ադրբեջանական ծուղակում չպետք է հայտնվել․ Տիգրան Աբրահամյան
Թե միջանցքի բացման հիմքում ինչ այլ պահանջներ կդնի Ադրբեջանը և քանիսը կիրականացնի հայկական կողմը, հիմնականում տեսանելի է, սակայն իրադարձություններից առաջ չընկնեմ: Ֆեյսբուքյան գրառմամբ նման դիտարկում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբկացության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Տարբեր աղբյուրները լուրեր են տարածում առաջիկա օրերին ՀՀ-ն Արցախին կապող միջանցքի բացման մասին: Այս լուրերն ուղեկցվում է ադրբեջանցիների` «Կաշեն»-ի ու «Դրմբոն»-ի հանքերում ստուգումներ անելու և միջանցքում ադրբեջանական սկան սարքավորում տեղակայելու տեղեկություններով:
Արցախի նախագահի խոսնակն այս առիթով նշել է, որ ՌԴ-ն ջանքեր է գործադրում, որպեսզի միջանցքը կարճ ժամկետում բացվի: Վերջինս նաև ասել է, որ ադրբեջանցիների հետ հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել գազամատակարարման վերականգնման և ՀՀ-ն Արցախին կապող էլեկտրագծի վերանորոգման ուղղությամբ:
Ադրբեջանն իր նախաձեռնած «բազարի» շրջանակներում արդեն կատարված է համարում իր կադրային միջամտության հետևանքներն Արցախում` պետնախարարի ազատման տեսքով, ինչի մասին բարձր մակարդակով խոսվում է:
Անկախ այն հանգամանքից, թե իրականում ինչ հիմքով է Արցախի նախագահը պետնախարարին ազատել այդ պաշտոնից, Ադրբեջանում այն սեփական հաղթանակն են համարում, քանի որ ըստ իրենց` Վարդանյանը խոչընդոտ է «Արցախի ադրբեջանական ինտեգրացիային»:
Թե միջանցքի բացման հիմքում ինչ այլ պահանջներ կդնի Ադրբեջանը և քանիսը կիրականացնի հայկական կողմը, հիմնականում տեսանելի է, սակայն իրադարձություններից առաջ չընկնեմ:
Մեկ անգամ ևս կրկնում եմ միջանցքի բացումն ինքնանպատակ չպետք է լինի, ադրբեջանական ծուղակում չպետք է հայտնվել, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ գին է վճարվում միջանցքի բացման համար անկախ նրանից, թե դա ում «քավորությամբ» է»,-գրել է նա։