Թուրքիայում 27 անձ է ձերբակալվել երկրաշարժի վերաբերյալ «սադրիչ գրառումներ» անելու համար
Թուրքիայի Անվտանգության գլխավոր վարչությունը (EGM) հայտարարել է, որ ձերբակալվել է 27 մարդ, ովքեր իբր «սադրիչ գրառումներ» են արել երկրաշարժի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Diken-ը։
Փետրվարի 6-ին Քահրամանմարաշում տեղի ունեցած երկրաշարժերից հետո EGM-ը հետևեց նրանց, ովքեր «սադրիչ գրառումներ» էին անում սոցիալական ցանցերում։
EGM-ն այսօր իր հայտարարության մեջ նշել է, որ սադրիչ գրառումներ կատարած 140 անձ բերման է ենթարկվել, 27 հոգի ձերբակալվել է։
Հայտարարության մեջ ասվում է, որ փակվել են նաև 81 կայքեր, որոնք բացվել են երկրաշարժից տուժածներին օգնել ցանկացողներին խաբելու նպատակով։
Բացի այդ, նշվել է, որ անհրաժեշտ գործողություններ են ձեռնարկվել սոցիալական մեդիայի հարթակի 15 հաշիվների վերաբերյալ, որոնք քաղաքացիներից գումար են պահանջում՝ օգտագործելով կամ ընդօրինակելով պաշտոնական հաստատությունների անվանումը։
Նշվեց, որ հայտնաբերվել են կրիպտո ակտիվների դրամապանակների վեց հասցեներ, որտեղ գումար է պահանջվել ավանդադրել՝ օգտագործելով «երկրաշարժի օգնության» թեման, և դրամապանակները սառեցվել են: