Պատահական չէ, որ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը, ամիսներ առաջ ասել էր, որ նրանք, որոնք կազմակերպեցին մարտի 1-ը, նրանք այսօրվա իշխանությունն են. Վարդանյան
Նոր լուրերն էի նայում ու շատ հետաքրքիր մի լուսանկար աչքովս ընկավ. խոնարհ հարսի պես Ալեն Սիմոնյանի առաջ կանգնած էր Էդմոն Մարուքյանը: Հիշում եմ նրանց փոխադարձ հայհոյանքներն ԱԺ դահլիճում, տեսարանը շատ հուզիչ էր: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Պատգամավորի խոսքով՝ Մարտի 1-ն, իհարկե, ողբերգություն էր: Մարտի 1-ի կազմակերպիչները, հանցագործները մինչև այսօր չեն բացահայտված, ընդհակառակը, նրանք են մեղադրել ուրիշներին՝ մանիպուլացնելով հանրությանը: Մարտի 1-ը մեր պատմության մի դրվագն է, որն այն ժամանակվա ընդդիմություն հայտարարողները, Արցախի հարցից հրաժարվողները կարողացան տարիներ շարունակ օգտագործել, ճնշում բանեցնել պետության վրա, պետական կառույցների վրա, և այսօր էլ՝ այսօրվա ողբերգությունները պայմանավորված են այդ մանիպուլյացիաներով:
«Իրենց համար սա ձեռագիր: Մանիպուլացնել հասարակությանը, այնուհետև ասել, որ սա հասարակության կարծիքն է: Սա բոլոր ոլորտներում է: Եթե հիշում եք Մարտի 1-ի հիմնական կազմակերպիչներին, որոնք իրենց իշխանության օրոք նույնիսկ առանց պետական դիրքորոշում արտահայտվելու արդարացվեցին եվրոպական դատարաններում, բայց իմ անձնական համոզումն է, որ Մարտի 1-ն այսօրվա սկիզբն էր: Պատահական չէ, որ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանն ամիսներ առաջ ասել էր, որ նրանք, որոնք կազմակերպեցին մարտի 1-ը, նրանք այսօրվա իշխանությունն են»,- ասաց Վարդանյանը: