Վանաձորի բաց դիտահորերն ու քաղաքապետարանի մոտեցումը՝ խնդրին
Վանաձորի բնակիչներից մեկը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկարներ և կից տեղեկացրել, որ քաղաքի «Երևանյան» փողոցը, արդեն 3 շաբաթ նույն վիճակում է։
Փողոցի դիտահորերի կափարիչները չկան, իսկ քաղաքի իշխանությունը կարծես թե չի նկատում բաց դիտահորերն ու չի զբաղվում խնդրով։ Փոխարենը բնակիչները, կամ գուցե փողոցով անցնող մեքենաների վարորդները, մեքենայի անիվներով, փայտով ու երկաթով փորձել են փակել դիտահորը՝ վթարային իրավիճակներից խուսափելու համար:


Գրառմանն արձագանքելով՝ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից նշել են, որ լուսանկարում պատկերված հատվածը սպասարկում է Վանաձորի համայնքապետարանը։
Իսկ ավելի ուշ, այսինքն, ըստ էության, իրավիճակից 3 օր անց, քաղաքապետարանը որոշել է արձագանքել։
Վանաձորի համայնքապետարանից լուսանկար են տեղադրել և տեղեկացրել, որ իրենց Կոմունալ տնտեսության աշխատակիցներն այդ հատվածում աշխատանքն ավարտել են և դիտահորն արդեն փակ է։

Թեև տարբերակը լավագույնը չէ, բայց հուսանք, որ այս լուծումը ժամանակավոր է և քաղաքապետարանը կփորձի ավելի քաղաքակիրթ և որակյալ լուծում տալ փողոցների բաց դիտահորերի խնդրին։