Արևմտյան մի սեփականատեր ՀՀ-ից է վերցրել ՌԴ ավիաընկերություններից մեկի կողմից օգտագործվող օդանավը․ Փաշինյանը՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին
Ոչ միայն ԵՄ-ից դեպի Հայաստան ներկրումներն են ավելացել, այլև Հայաստանից արտահանումն է ավելացել դեպի ԵՄ երկրներ: Այս մասին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն անդրադարձավ նաև Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները երրորդ երկրների միջոցով շրջանցելու մասին խոսակցություններին։ Հարցին՝ Հայաստանը կարո՞ղ է լինել այդ երրորդ երկրների շարքում, Փաշինյանը պատասխանեց․
«Դրանք ընդամենը խոսակցություններ են։ Ես պետք է մի օրինակ բերեմ՝ անցյալ տարվա գարնանը արևմտյան մի սեփականատեր Հայաստանի Հանրապետությունից է իր տիրապետության տակ վերցրել Ռուսաստանի Դաշնության ավիաընկերություններից մեկի կողմից օգտագործվող օդանավ։ Դա, կարծում եմ, այն ամենաուղիղ և պարզ օրինակն է, երբ մենք ցույց ենք տվել, որ, հարգելով մեր բոլոր հարաբերությունները, հարգելով մեր բոլոր գործընկերներին, գործողությունների և գործունեության օրինականությունը մեզ համար ունի սկզբունքային նշանակություն։ Եվ ես չեմ կարծում, որ նման դեպք ունեցող երկրին կարելի է որևէ ստվերային հանգամանքի մեջ մեղադրել»:
Փաշինյանը նշեց, որ անհրաժեշտ է օգնել մասնավոր սեկտորին՝ ծավալելու այնպիսի գործունեություն, որն ի վնաս Հայաստանի որևէ գործընկեր երկրի չլինի։