«Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից». Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքական, հասարակական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ, մասնակցել «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը:
Նա իր ելույթում նշել է.
«Չնայած վերը նշվածին, Հայաստանի կառավարությունը դրսևորել է քաղաքական կամք և վճռական քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության նոր դարաշրջան բացելու ուղղությամբ և կառուցողականորեն ներգրավված է Հայաստան-Ադրբեջան բանակցություններում»,-ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն ընթանում է հետևյալ երեք հիմնական ուղղություններով. համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակում և սահմանագծում և անվտանգություն:
«Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև կձևավորվի քննարկումների միջազգային մեխանիզմ։ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների խնդիրների լուծմանն ուղղված երաշխիքային մեխանիզմի ստեղծումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն»,-ասել է նա: