Շոլցի հայտարարությունը հաստատեց, որ Փաշինյանը և նրա վարչախումբը եկել էին Արցախը հանձնելու․ Արցախի ընդդիմադիր պատգամավոր
Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը կրկին անգամ հաստատեց այն համոզմունքը, որ Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբը, 2018թվականին եկել էին Արցախը հանձնելու և այդ գործընթացը հաջողությամբ կատարում են:
Այս հայտարարությամբ հոդս է ցնդում Նիկոլի այն բոլոր մտքերը, թե միջազգային հանրությունը ստիպում է իրեն Արցախի հարցում իջեցնել նշաձողը: Հրատապ անհրաժեշտություն է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները վերանայեն իրենց վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության իշխանությունների նկատմամբ, քանզի նրանք Արցախի անկախության գործընթացի փոխարեն առաջ են մղում նրա հանձնման գաղափարը:
Սա ոչ այլ ինչ է, քան Արցախի իշխանությունների կողմից հայտարարած կարմիր գծի հատում և իրենք պետք է ցույց տան թե ինչ են անելու, երբ հատվում է իրենց իսկ կողմից նշած կարմիր գիծը:
Հասել է ժամանակը, որ մեզանից յուրաքանչյուրը վերջապես գիտակցի իր պատասխանատվությունը ոչ միայն սեփական և իր մերձավորների ապագայի, այլև մեր երկրի ու ազգի ապագայի գործում»։