Հայաստանում կարմրուկի 11 դեպք է արձանագրվել
Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Հիվանդները հոսպիտալացված են: Մասնագետները նրանց վիճակը գնահատում են միջին ծանրության։ Այժմ միջոցառումներ են իրականացվում հիվանդների վարակի աղբյուրը հայտնաբերելու և վիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:
Հիշեցնենք, որ կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն:
Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։ Կարմրուկի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է։
Առողջապահության նախարարությունը հորդորում է բոլոր նրանց, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել: