ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին է
Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը մեկ շաբաթից ավելի մոնիթորինգի ընթացքում չի արձանագրել հրադադարի ռեժիմի խախտումներ հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
Նրա խոսքով, առայժմ աշխատանքում միակ դժվարությունները կապված են եղանակային պայմանների հետ, ինչի պատճառով առաքելության անդամները միշտ չէ, որ կարողացել են հասնել պահանջվող տարածքներ։ Սահմանի վտանգավոր հատվածներում առաքելությունը, անհրաժեշտության դեպքում, համագործակցում է Հայաստանի պաշտպանության նախարարության հետ։
«Մենք ունենք հեռադիտակներ, GPS սարքեր, և դա այն ամենն է, ինչ մենք օգտագործում ենք: Մենք ցույց ենք տալիս միայն մեր դրոշը: Մենք չունենք հատուկ տեխնիկական սարքավորումներ»,- ասել է Ռիտերը:
Առաքելությունն ամեն շաբաթ գաղտնի զեկույցներ է ուղարկում Բրյուսել։ Ռիտերը նշել է, որ միայն Բրյուսելը կարող է որոշել՝ հրապարակե՞լ այդ զեկույցները, թե՞ ոչ։