«Հյուսիսային հոսքի» ապագան բոլոր բաժնետերերի որոշումն է. Կրեմլ
Երկուշաբթի օրը Կրեմլը հայտարարել է, որ բոլոր բաժնետերերը պետք է որոշեն, թե արդյոք անցյալ տարի պայթյունների հետևանքով վնասված «Հյուսիսային հոսք» գազատարները պետք է պահպանվեն: Այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post-ը:
Ծրագրերին ծանոթ աղբյուրներն անցյալ շաբաթ Reuters-ին ասացին, որ ռուսական պետական վերահսկվող «Գազպրոմի» կողմից կառուցված «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարերը պետք է փակվեն և պահպանվեն, քանի որ դրանք վերանորոգելու կամ վերագործարկելու անմիջական պլաններ չկան:
Պատասխանելով հերթական ճեպազրույցի ժամանակ զեկույցի մասին հարցին՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է. «Իհարկե, սա որոշում է, որը պետք է կոլեգիալ կերպով ընդունվի բոլոր բաժնետերերի կողմից»:
Նա նաև ասաց, որ Կրեմլը որևէ առաջարկություն չի տա «Գազպրոմին» ստորջրյա խողովակաշարերի ապագայի վերաբերյալ։