Ինչո՞ւ է շտապում Ալիևը. Շարմազանովը մանրամասնում է
Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, Հայաստանի անվտանգության հետ կապված խնդիրները շարունակում են մտահոգիչ մնալ և որևէ դրական հեռանկար չեն ուղեգծում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ նախօրեին Արցախում տեղի ունեցավ ադրբեջանական հարձակում, դիվերսիա, որը խստագույնս դատապարտելի է և ցույց է դնում Ադրբեջան պետության ահաբեկչական բնույթը, Ալիևի՝ ոչ թե խաղաղության, այլ Արցախը գրավելու, կլանելու օրակարգը, պանթուրքիզմի պլանները՝ վերացնել հայկական գործոնը տարածաշրջանում և հայաստանյան իշխանությունների թուրք-ադրբեջանական օրակարգը:
«Նիկոլական ռեժիմի հերթական ֆիասկոն է: Ես կխոսեմ փաստերով: Ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ է ակտիվացել Ալիևը: Ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն ու Թուրքիան, գիտակցելով, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակարգի ունեն մեծ նվեր, խոշոր շահում, փորձում են Հայաստանից և Արցախից վերցնել հնարավորինս ավելի շատ, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ամբողջը: Ինչո՞ւ է այդպիսի օրակարգ: Ֆուտբոլային լեզվով ասեմ՝ խաղ մի դարպասի վրա, որտեղ դարպասապահը տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանն է և խաղում է հակառակորդ թիմի կողմից: 2022թ.-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանը և Ալիևը եկան համաձայնության, ըստ որի արդեն Փաշինյանը համաձայնեց Արցախը հանձնել Ադրբեջանին: Այս փաստը չեն հերքել ո՛չ ՔՊ-ականները, ո՛չ Նիկոլը: Դրա մասին խոսել է նաև Լավրովը՝ ասելով, որ հոկտեմբերի 31-ին Սոչի Ալիևն ու Փաշինյանը եկան արդեն համաձանեցված օրակարգով, Ալմա Աթայի ինչ-որ հռչակագրով, ըստ որի՝ Արցախը պետք է անցնի Ադրբեջանին: Սա դավաճանական ակտ է, բայց շարունակությունն է այն գործողությունների, որոնք եղել են 2018-ին»,- նշեց Շարմազանովը:
Նա պարզաբանեց, թե ինչու է շտապում Ալիևը: Նրա խոսքով՝ պատճառը պարզ է, քանի որ հասկանում է, որ ժամանակն աշխատում է Նիկոլ Փաշինյանի դեմ, նրա ռեյտինգը հասել է իր պատմական մինիմումին: 2024թ. այլևս Նիկոլ-իշխանություն չի լինելու: Սա հասկանում է և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը, և՛ Արևմուտքը: Նույնիսկ պատերազմից հետո նրա վարկանիշի մակարդակն այդքան ցածր չի եղել, քան այսօր»,- նշեց Շարմազանովը: