Եթե ռուսական զորքերը հեռանան տարածաշրջանից, ապա մի վայրկյան հետո թnւրքերն են գալու. Շարմազանով
Ռուսաստանի համար հիմա շատ բարդագույն շրջան է: Ռուսաստանը հակամարտության մեջ է Արևմուտքի հետ: Դա իրականում հակամարտություն չէ, այլ փաստացի պատերազմ: Եվ իհարկե, լինել-լինելու խնդիր է: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հնարավոր անհաջողությունները չեն բխում Հայաստանի շահերից: Դա Հայաստանի թուրքացման վերջը կարող է լինել:
«Բոլոր այն անուղեղները, որոնք ուրախանում են Ռուսաստանի անհաջողությամբ, թող հիշեն, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Եվ, եթե մի վատ կախարդական փայտիկի գործածման արդյունքում ռուսական զորքերը հեռանան տարածաշրջանից, ապա մի վայրկյան հետո թուրքերն են գալու: Եվ Նիկոլ Փաշինյանն անգամ դա էլ չի թաքցնում: Նա այդտեղ անկեղծ է: Ասում է՝ ՀԱՊԿ-ի զորավարժություններ չարեցինք, որպեսզի Թուրքիան ու Ադրբեջանը չջղայնանան: Ասում է՝ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանի անվտանգության սպառնալիքն է: Հասկանում ե՞ք՝ ի՞նչ է ասում...Ու մենք այսպես հանգիստ ապրում ենք: Էն Ռուսաստանը, որը թույլ չի տվել, որ 1992-ին Նախիջևանից 3-րդ աշխարհամարտը սկսվի: Էն Ռուսաստանը, որը 1993-ին, 1994-ին էլի թույլ չի տվել, որպեսզի Թուրքիան մտնի Հայաստան: Թուրքիան, ոչ թե Ադրբեջանը: Էն Ռուսաստանը, որը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանին 50 հազար տոննա միայն ձրի զենք է տվել, 300 մլն դոլարի գործարանային գնով զենք է տվել, «Իսկանդեր» է տվել: Միակ երկիրն էր, որը ուներ այդ զենքը, բացի Ռուսաստանից, որոնք սրանք չկիրառեցին»,- նշեց Շարմազանովը: