Ադրբեջանը մարտի 5-ի միջադեպը փորձ էր անում ներկայացնել որպես Հայաստանից Արցախ զենք, զինամթերք տեղափոխելու ապացույց․ Փաշինյան
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանը մարտի 5-ի միջադեպը փորձ էր անում ներկայացնել որպես Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղ զենք, զինամթերք տեղափոխելու ապացույց։ Այդ մասին նա ասաց կառավարության նիստի ժամանակ։
Փաշինյանը նկատեց, որ Ադրբեջանի այդ քայլը չստացվեց երկու պատճառով:
«Նախ՝ ոստիկանության ՈւԱԶ-ը ոչ թե գնում էր դեպի Ստեփանակերտ, այլ Ստեփանակերտից էր դուրս եկել: Եվ երկրորդը՝ Ադրբեջանի հարձակումը և նաև ՈՒԱԶ մեքենայի հետագիծը Ստեփանակերտից մինչև դեպքի վայր նկարահանվել էր Լեռնային Ղարաբաղի Ներքին գործերի նախարարության տեսախցիկների կողմից, ինչից ակնհայտ էր դառնում, որ ոստիկանական ավտոմեքենայում բացի փաստաթղթերից և տաբելային զենքից որևէ այլ բան չի եղել»,- ասաց Փաշինյանը:
Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանի հաջորդ կարևոր նպատակը հետևյալն էր՝ արյունոտ ահաբեկչությամբ ձևավորել նոր խոսույթներ, տեղեկատվական նորանոր հոսքեր, որոնք կծածկեն կարևորագույն մի փաստ՝ այն, որ Ադրբեջանը բացահայտ կերպով չի կատարում համաշխարհային բարձրագույն դատական ատյանի՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ: