10 հոգանոց ընտանիքին 13քմ են տալիս, ասում են՝ դու գնա պադյեզդում քնի կամ փողոցում քնի, մի արի, վրանի տակ քեզ չտենանք, թե չէ վրանը կհավաքենք
Հանրակացարաններում բանալի են բաժանել ու թիվ են ասում՝ ասենք, X թվի բանալի են բաժանում: Այդ մասին այսօր կառավարության շենքի առջև ասաց ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկը:
«Նախ թող մեզ ցուցակ տան՝ ում են բաժանել, քանի որ այդտեղ եղել է 127 բնակարան, այսինքն՝ 127 ընտանիք, մեզ ասեն՝ ինչ առաջնահերթությամբ են տրվել բնակարանները ու ինչպե՞ս է ստացվել, որ և՛ 1 հոգանոց և 8 հոգանոց ընտանիքներին տրամադրվել է 17 քմ տարածք: Թող ասեն՝ ինչու է բանալիները բաժանվում ոստիկանության միջոցով և ինչո՞ւ է ոստիկանությունը բանալին տալիս ուլտիմատումներ դնում»,- ասաց բնակիչը:
Լրագրողների հարցին, թե ի՞նչ ուլտիմատումի մասին է խոսքը՝ ՊՆ նախկին շենքի բնակիչը պատասխանեց. «Ոստիկանությունից ասել են, որ եթե ձեզ բանալի եմ տվել, 10 հոգանոց ընտանիքին տվել եմ 13 քմ, բայց որ շատ ուզեն էլ, մատրասներն իրար վրա էլ դնեն, այդտեղ կարող է քնել ընդամենը 6 մարդ: Պարզ մաթեմատիկա է, հաշվարկ է, էն երկու հոգուն էլ ուլտիմատում են դնում, ասում են՝ դու գնա պադյեզդում քնի կամ փողոցում քնի, մի արի, վրանի տակ քեզ չտենանք, թե չէ վրանը կհավաքենք»,- նշեց նա:
Բնակիչը զգուշացրեց, որ եթե վրանը դուրս բերվեց, «վրանը գալու է Երևանի կենտրոն»: