Եթե Կարեն Անդրեասյանն ինչ-որ դատավորի չի սիրում՝ նրա նկատմամբ կարող է կարգապահական վարույթ հարուցել և լիազորություններ դադարեցնել. Նախշքարյան
Օգտագործելու ենք մեզ հասու բոլոր գործիքները։ Այս մասին ասաց Զլիազորությունները դադարեցված դատավոր Զարուհի Նախշքարյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ լրագրողների հետ զրույցում։ Նա նշեց, որ, եթե հարկ լինի, կգնան մինչև ՄԻԵԴ։
«Չենք բացառում նաև ներպետական գործիքների կիրառումը, օրինակ՝ ՍԴ-ն, թեև մեծ վստահություն չունենք Սահմանադրական դատարանի գործունեության արդյունավետության մասով», - ասաց Մելիքյանը։
Զարուհի Նախշքարյանն էլ նկատեց, որ դատական իշխանությունը հեղինակազրկելու պրոցեսը հետևողական սկսվեց ԲԴԽ-ի ստեղծումից հետո։
«ԲԴԽ-ի ձևավորումից հետո, այս 5 տարիների ընթացքում ես բարձրաձայնել եմ այն բոլոր խնդիրները, որոնք առկա էին և լուծում էին պահանջում։ Խորհուրդը, փոխարենն օգտվի այդ հնավորությունից, որ դատավորը տեսնում և բարձրաձայնում է ներսում առկա խնդիրների մասին, որոշեց ինձ պատժել։ Վստահ չեմ, որ ճիշտ է ընտրված այս միջոցը, որովհետև ես հիմա դատավոր չեմ, իսկ դա նշանակում է, որ ես չեմ բարձրաձայնելու», - ասաց Նախշքարյանը։
Ըստ նրա, խնդիրն այն չէ, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցվում, այլ այն, որ դա դարձել է գործիք։
«Դա դարձել է ընտրովի գործիք։ ԲԴԽ նախագահը, եթե ինչ-որ մեկին չի սիրում, չի հավանում, տարբեր պատճառներ կարող են լինել, կարող է կարգապահական վարույթ հարուցվել և այդ դատավորի լիազորությունները կդադարեցվեն», - ասաց Զարուհի Նախշքարյանը։