Թուրքիան Բրյուսելում կքննարկի Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը
Թուրքիան ՆԱՏՕ-ի նիստում կհայտարարի, որ Շվեդիան պետք է կատարի Մադրիդյան հուշագիրը։ Ադրբեջանական APA-ն հայտնում է, որ այս մասին տեղեկություն է հրապարակել «Հյուրիեթ»-ը՝ հղում անելով Անկարայի դիվանագիտական աղբյուրներին։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի բանակցությունները Բրյուսելում այսօր ընթանում են դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի նախաձեռնությամբ։
Թուրքիայի ներկայացուցիչները Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Շվեդիայի և Ֆինլանդիայի իրենց գործընկերների հետ հանդիպմանը մանրամասն կքննարկեն հյուսիսային երկրների կողմից ահաբեկչության դեմ պայքարի Մադրիդյան հուշագրի իրագործումը։
Թուրքիան այս հանդիպմանը ներկայացնում են արտաքին գործերի փոխնախարար Բուրաք Աքչապարը և նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էին ներկայացրել անցյալ տարվա մայիսին, սակայն Թուրքիան արգելափակել էր անդամակցության գործընթացը՝ պահանջելով քրդական կազմակերպություններին ահաբեկչական ճանաչել, ինչպես նաև արտահանձնել 2016-ի ահաբեկչությանը կամ հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ մեղադրվող անձանց։