Զաքիր Հասանովը հրահանգել է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել հայկական կողմի «սպառնալիքների» դեմ
Մարտի 11-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն։
Հանդիպմանը մասնակցել են փոխնախարարներ, հրամանատարներ, նախարարության գլխավոր վարչությունների, գերատեսչությունների և ծառայությունների պետեր, զորամասերի հրամանատարներ։
Այդ երկրի պաշտպանության նախարարը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Իլհամ Ալիևի առաջադրած խնդիրները։
Հանդիպմանը նշվել է այսպես կոչված Ադրբեջանի «ինքնիշխան տարածքներում» մնացած հայկական ապօրինի զինված կազմավորումների ռազմական փոխադրման անթույլատրելիությունը։
Ընդգծվել է, որ ադրբեջանական բանակը պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկի «տարածաշրջանում արհեստականորեն լարվածություն ստեղծելու փորձ կատարող» Հայաստանի հնարավոր սպառնալիքների դեմ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ համարժեք արձագանքման միջոցներ ձեռնարկի։
Զինվորական անձնակազմի պրոֆեսիոնալիզմի և ստորաբաժանումների մարտունակության բարձրացման նպատակով կարևորվել է հատուկ ուշադրություն դարձնել իրական մարտի պայմաններին համապատասխան վարժանքների կազմակերպմանը։