Եթե չեք անելու՝ ասեք իմանանք, որ էլ իմաստ չկա անելու. Հրաչյա Սարգսյանը՝ Երևանի վարչական շրջանների ղեկավարներին
«Հաշվետու ժամանակահատվածում 4-րդ աստիճանի ռիսկայնության շենքերի մասով վարչության կողմից 903 օբյեկտներից ծանուցում է բաժանվել 559-ի»։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական քննարկման ժամանակ ասաց Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Սևան Ասատրյանը:
Նա, ըստ վարչական շրջանների, զեկուցեց, որ 2-րդ և 3-րդ կարգի ռիսկայնության շենքերն էլեկտրոնային բազայում ներառելու համար ծանուցումներ են ուղարկվել։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատարից ճշտեց, թե արդյոք ծանուցումները ստանալիս ստորագրել են և պատասխանել, որ ծանուցված են:
Սևան Ասատրյանը հայտնեց, որ պատասխանները լիարժեք չեն եղել՝ մի մասը միայն թվեր են տրամադրել, կամ ցանկեր են ներկայացրել, բայց կարևորն այն է, որ այդ ամենը պետք է լուսանկարվի և ներբեռնվի «Լոկատոր» համակարգում:
«Վարչական շրջաննե՛ր, խնդի՞ր կա, ի՞նչ խնդիր կա: Բարձրաձայնե՛ք հասկանանք, թե ի՞նչ է կատարվում: Կարծում եմ նույն եկամուտների պատմությունն է: Հիմա, որ հարցնեմ, թե ձեր ստորաբաժանման ենթակայության տակ քանի աշխատող կա, վստահաբար՝ ավելի շատ կլինեն, քան Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունում է: Եթե չեք անելու ասեք իմանանք, որ էլ իմաստ չկա անելու»,-հայտարարեց Հրաչյա Սարգսյանը։