Դուք ինչքա՞ն ժամանակ եք եղել տեղակալ... քանի՞ ամիս եք պաշտոնակատարել. Արծվիկ Մինասյանը՝ Արդարադատության նախարարին
Ես չեմ կարծում, որ ճիշտ է ամեն ինչ համեմատել նախկինում եղածի հետ: Մենք պետք է առաջ նայենք: Այս մասին Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, դիմելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին:
Նրա խոսքով՝ Արդարադատության նախարարն այնպիսի պնդումներ է կատարում, որոնք բացարձակ իրականություն չեն այսօր:
«Սահմանադրության հետ կապված՝ ո՞վ է խանգարել քաղաքական իշխանությանը, կառավարության ղեկավարին... Օրինակ՝ Դուք ինչքա՞ն ժամանակ եք եղել տեղակալ... և չկար նախարար: Կառավարության կազմի, կառուցվածքի մասին օրենքն ասում է, որ երբ նախարար ես փոխում, կամ միաժամանակ պիտի ներկայացնել նախարարի թեկնածություն կամ առավելագույնը 15 օրվա ընթացքում: Դուք քանի՞ ամիս եք պաշտոնակատարել: Եվ այս պարտականությունը դրված էր վարչապետի վրա: Խախտել է: Սահմանադրությունն ասում է՝ այլ դրույթներ ևս, որ իշխանությունները բաժանված և տարանջատված են: Ո՞վ է ստիպում գործադիր իշխանության ղեկավարին հրահանգել շրջափակել դատական շենքերը: Նախկինները չէին, չէ՞, էսօրվա իշխանություններն են: Այսինքն՝ այսօրվա Սահմանադրության շրջանակներում գոնե նորմերը կարելի՞ էր կատարել, որպեսզի այդպիսի գնահատականներ տալ, թե՞ չէ: Սահմանադրական կարգավորումների շրջանակներում բազմաթիվ բաներ կան, որոնք այսօր ուղղակի ոտահարվում են, արհամարհվում են: Մարդկանց հիմնական իրավունքներից սկսած ավարտված պետական կառավարման համակարգերով»,- ասաց Արծվիկ Մինասանը՝ դիմելով Արդարադատության նախարարին: