Ի՞նչ SMS-ներ են ստացել Փաշինյանն ու իր ընտանիքը. Փաշինյանին ու նրա ընտանիքին գաղտնալսե՞լ են
Ես հիշում եմ, որ մի շրջան կար, երբ ընդդիմադիրներն ինչ-որ SMS-ներ էին հրապարակում՝ ասելով, որ իշխանությունը մեր դեմ չգիտեմ ինչ ծրագիր է օգտագործում: Ես ուղղակի հարկ չհամարեցի, որ իմ և իմ ընտանիքի անդամների հեռախոսերի սքրինշոթերը հրապարակեմ, որ այդ նույն SMS-ներից ստացել ենք նաև մենք: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը, անդրադառանալով գաղտնալսումներին:
Անդրադառնալով «Freedom House» միջազգային կազմակերպության հրապարակած զեկույցներին՝ Փաշինյանը նշեց. «Մենք որոշակի քաղաքական պատասխանատվություն ենք ստանձնել և այդ պատասխանատվությունը պետք է կրենք մինչև վերջ: Որովհետև, եթե դուք հիմա ասեք, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են, ապա ես դա կհամարեմ փաստ: Դուք ասում եք՝ կուսակցության նախկին անդամն է գործուղվել...նա այնտեղ գործուղվել է որպես երաշխիք, որ ընտրությունները չեն կեղծվի: Մենք էլ, դուք էլ տեսել ենք նաև 2021 թվականին ընտրությունները կեղծելու փորձերը: Իսկ ընտրությունների արդյունքները և ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն են»:
Փաշինյանն անդրադառնալով դատական համակարգին՝ նշեց, որ իրենք 4 տարի չարչարվել են ու դեռ շարունակում են չարչարվել, որպեսզի Հայաստանում իրոք անկախ դատական համակարգ լինի:
«Մենք 2018 թվականից հենց էդ գիծն ենք տանում, որ դատական համակարգը պետք է լինի անկախ: Եվ մենք շարունակում ենք այդ գիծը տանել: Ձեզ հակառակ վիճակագրությունը բերեմ. առ այն, որ նույն Եվրամիության զեկույցների համաձայն՝ արևելյան գործընկերության երկրների շարքում Հայաստանը բացարձակ առաջատար է՝ դատական համակարգի ոլորտում, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, խոսքի ազատության պաշտպանության ոլորտում, կոռուպցիայի դեմ պայքարում և այդպես շարունակ»,- նշեց Փաշինյանը: