Նույնն է, որ ես ինչ-որ մեկին պաշտպանելու պարտավորություն ունենամ, կանգնած նայեմ՝ ոնց են այդ մարդուն ծեծում, հետո բուժման փողը տամ․ Մամիջանյանը՝ Արցախին տրամադրվող ֆինանսական օգնության մասին
Երեկ Փաշինյանն ինչ-որ ակնարկ արեց, թե Արցախը պիտի պատասխանի, թե ինչ ճակատագիր է ուզում իր համար։ Արցախը դրան պատասխանել է, ընդ որում՝ վերջին երեք ամիսը պատասխանում է զրկանքներով, հերոսական զրկանքներով, հերոսական տոկունությամբ՝ գտնվելով բլոկադայի մեջ, պայմանով, թե՛ սեփական, թե՛ Հայաստանի Հանրապետության անվտանգության համար։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Դա են անում մեր 120․000 հայրենակիցները։ Ամենօրյա գոյությամբ պայքարում են մեր երկու պետությունների ապագայի և անվտանգության համար։ Այնպես որ, Արցախն իր խոսքն ասել է, ուղղակի կառավարիչները լսել չեն ուզում»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ եթե իր աչքից չի վրիպել, անպատասխան է մնացել Արցախի խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը, որով պահանջել են Հայաստանի կառավարիչներից հստակեցնել իրենց դիրքորոշումներն Արցախի կարգավիճակի և բանակցային գործընթացի վերաբերյալ։
Մամիջանյանը դիմեց այն մարդկանց, ովքեր սիրում են կամ չեն սիրում, հավատամ կամ չեն հավատում այս կամ այն ընդդիմադրի հնչեցրած մտավախություններին․ «էս էլ հո Փաշինյանն ասաց, որերորդ անգամ ասաց, որ ինքը ձեռքերը լվանում է Արցախից։ Ի պատասխան, թե ինչո՞ւ եք էդպես անում, ասում է՝ մենք էսքան ֆինանսական աջակցություն ենք տրամադրում Արցախին։ Չհանձնեիք՝ ֆինանսական աջակցության կարիքը չառաջանար այդ ծավալի։ Դա նույնն է, որ ես ինչ-որ մեկին պաշտպանելու պարտավորություն ունենամ, կողքի վրա կանգնած նայեմ, թե ոնց են այդ մարդուն ծեծում, արյունլվա անում, հետո տանեմ բուժման փողը տամ»։