Օնիկ Գասպարյանը մասնակցել է 44-օրյայի քննիչ հանձնաժողովի նիստին. ի՞նչ է քննարկվել
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ–գնդապետ Օնիկ Գասպարյանն այսօր մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Ես նամակ ուղարկեցի ու ի տարբերություն շատերի, որոնք կաշկանդված են, նա միանգամից արձագանքեց։ Այսօր էլ ավելի քան 6 ժամ հանձնաժողովը լսեց նրան։ Էն,ինչ մենք արձանգրեցինք այսօր, շատ կարևոր է բանակում եղած շատ խնդիրներիապագայում միասնական լուծելու համար»,– նշեց ՔՊ ական պատգամավորը։
Նա հավելեց, որ հանդիպումը դեռ շարունակվելու է։ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ Օնիկ Գասպարյանի այցելությունից առաջ էլ քննիչ հանձնաժողովում է եղել Գլխավոր շտաբի ներկայիս պետ Էդուարդ Ասրյանը։
«Բնականաբար ունենք ցանկ` ռազմական գործողություններին քաջ տիրապետող ամենակարևոր պաշտոնյաներով։ Սկսեցինք ներկայիս շտաբի պետով` հաշվի առնելով նրա նախկին պաշտոնն ու ինֆորմացված լինելը»,– ասաց նա։
Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ ավելի քան 6 ժամվա ընթացքում քննարկվել են տարբեր մանրամասներ` սկսած պատերազմից առաջ բանակի վիճակից, մինչև սպառազինություն ու կադրային համալրում։
ՔՊ– ական պատգամավորն ափսոսանք է հայտնում, որ Օնիկ Գասպարյանը գլխավոր շտաբի պետի պարտականություններին անցավ ավելի ուշ, քան պետք էր, այլապես ՀՀ ԶՈւ բարեփոխումների մի մեծ ճանապարհ անցած կլիներ։