Ի՞նչ կլինի, եթե ռուս խաղաղապահներն ուժով հեռացնեն Լաչինը փակած ադրբեջանցիներին. պարզաբանում է պետնախարարը
Եթե խոսքը ճանապարհի արգելափակման մասնակից ադրբեջանցիներին ճանապարհից հեռացնելու, այլ վայր տեղափոխելու մասին է, ապա ռուս խաղաղապահներն Արցախում, ենթադրվում է, որ պետք է կատարեն ֆիզիկական ուժ գործադրելով, բռնություն գործադրելով: Եվ ըստ երևույթին, ակնհայտ է, որ նման քայլը կարող իրավիճակը սրման կամ իրավիճակի վատթարացման տանել: Այս մասին այսօր կայացած Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
Նրա կարծիքով՝ ռուս խաղաղապահների ցուցաբերած զգուշությունը տեղի է: Այդ պատճառով խաղաղապահ ուժերը փորձում են խնդիրը լուծել քննարկումների, նաև դիվանագիտական ուղիների գործադրման միջոցով:
«Ադրբեջանն ի հիմնավորում ճանապարհի արգելափակման, ներկայացնում է այն փաստարկը, որ իբրև Արցախից անօրինական հանքանյութ է արտահանվում, կամ իբրև Հայաստանից Արցախ զենք է տեղափոխվում: Այս մտահոգությունները փարատելու համար, ռուսական կողմը քննարկեց նաև հնարավոր տեխնիկական միջոցների գործադրմամբ այդ խնդիրը փարատելու հնարավորությունը: Բայց ի վերջո, մենք հասկացանք, ինչը հաստատեց նաև Ադրբեջանն իր մոտեցմամբ, որ այդ փաստարկներն ու հայտարարություններն ուղղակի ձևական պատճառաբանություններ են: Ադրբեջանը լրացուցիչ մեկ այլ պահանջ ներկայացրեց՝ ճանապարհին անցակետ ունենալու և այլն: Սա բացահայտեց Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները»,- նշեց Ներսիսյանը և հավելեց որ խաղաղապահների կողմից ձեռնարկվում են բոլոր միջոցներն այդ խնդիրը հանգուցալուծելու ուղղությամբ: Հնարավոր գործիքների, միջոցների սպառման ժամանակ, անհամեմատ ավելի առարկայական քայլեր կձեռնարկվեն:
Ներսիսյանն այն համոզմանն է, որ ռուս խաղաղապահները ձեռնարկում են բոլոր ջանքերը խնդիրը հանգուցալուծելու ուղղությամբ, իսկ արցախահայությունը հետևում է այդ ընթացքին: